Վարժարանի հրամկազմը, սաների ծնողներն ու ընկերները դիմավորել են մրցույթում հաղթած մոնթեականներին
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը, որը մասնակցում էր ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 12-ից 21-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքին և տարբեր պետությունների 42 թիմերի շարքում թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը, փետրվարի 22-ին Հայաստան է ժամանել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մոնթեականներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են վարժարանի հրամանատարական կազմը, վարժարանի սաների ծնողներն ու ընկերները, զինվորականներ: Հաղթողներն իրենց հետ հայրենիք են բերել հավաքի գլխավոր գավաթը, մեդալներ ու «Օրվա հերոսը» կրծքանշաններ:
«Պատանի հայրենասերներ» հերթական հավաքը, որին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մասնակցում են 2011թ.-ից, համախմբել էր ԱՊՀ անդամ պետությունների` Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հավաքական թիմերը: Այս տարի հավաքին մասնակցել են նաև Չինաստանից ժամանած պատանիները:

Հավաքի ընթացքում թիմերը մրցել են ռազմականացված էստաֆետի, արգելագոտիների հաղթահարման, հրաձգության, ռազմական տեղագրության, համալիր ուժային վարժությունների և այլ անվանակարգերում: Մոնթեականները բոլոր վարժություններում իրենց գերազանց են դրսևորել և կարողացել են առաջադրանքները կատարել բարձր մակարդակով` տեսական ու գործնական վարժություններն իրականացնելով սահմանված ժամկետում: Միջազգային այս հավաք-մրցույթում իրենց արդեն երրորդ հաղթանակի գրավականը վարժարանի սաները համարում են իրենց միասնականությունը, համախմբվածությունը և բարձր պատրաստվածությունը:
