Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված ցուցահանդեսին
ՄիջազգայինԹուրքմենստանում ՀՀ դեսպանությունը փետրվարի 18-ին մասնակցել է Թուրքմենստանի դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Թուրքմենստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտում բացվել է ցուցահանդես, որին իրենց մասնակցու թյունն են ցուցաբերել Թուրքմենստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և միջազգային կազմակերպությունների առաքելությունները:
ՀՀ դեսպանության տաղավարն արժանացել է բարձր գնահատականի և զգալի հետաքրքրություն առաջացրել ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի մոտ: Տաղավարում ներկայացված են եղել Հայաստանի տեսարժան վայրերին և զբոսաշրջությանը, կրթությանը, արվեստին ու արհեստին վերաբերող նյութեր և առարկաներ:
Հայկական տաղավար առաջինն այցելել է Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վլադիմիր Բադալյանը նրա հետ զրույցում շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Թուրքմենստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար: Զրույցի ընթացքում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակում: