ԲԴԽ նախագահին ու նրա սանիկ նախարարին կուղարկեն թոշակի
ՎերլուծությունԲարձրագույն դատական խորհրդի նախագահ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ու նրա հովանավորյալ, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնվել են իշխող ուժի թիրախում և առաջիկայում կարող են զրկվել իրենց պաշտոններից։
«Քաղպայմանագրում» ոչ առանց հիմքերի, կարծում են, որ Անդրեասյանն ու նրա բերած կադրը որևէ կերպ չեն կարողանում կատարել իրենց վրա դրված հանձնարարությունները, ձախողել են հնարավոր ամեն ինչ։ Անդրեասյանն, օրինակ, այդպես էլ չկարողացավ իր լիակատար վերահսկողությունը սահմանել դատական համակարգի վրա, իսկ բազմաթիվ ձերբակալվածների դատավորները պարզապես ազատ են արձակում՝ հաշվի չառնելով թե՛ Անդրեասյանի հորդորները, թե իշխանության ցանկությունները։
Գրիգոր Մինասյանն էլ ավելի վաղ հայտնվել էր ՔՊ խմբակցության, մասնավորապես, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի թիրախում, քանի որ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակել էր ոչ թե Քոչարյանի հովանավորած անձին, այլ Մարտի 1-ի գործով քննիչներից մեկին։
Այժմ, ՔՊ-ն գրեթե ողջ կազմով կաթացնում է Փաշինյանի ականջին, որ Անդրեասյանն ու Մինասյանը սեփական խաղն են խաղում, միտումնավոր ձախողում են իշխանության հանձնարարությունները և, ի վերջո, սերտ կապված են «նախկինների» հետ։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ կաթոցներն արդեն արել են իրենց գործը, և աշնան սկզբին բարձրացվելու է Անդրեասյանից էլ, Մինասյանից էլ ազատվելու հարցը։
Նելլի Զաքարյան