Մգեցված ապակիների համար տուգանքներում ՃՈ-ն ընտրողական մոտեցում է ցուցաբերում. ՀԿ ղեկավար
ՀասարակությունՄգեցված ապակիների համար տուգանքներում Ճանապարհային ոստիկանությունը ընտրողական մոտեցում է ցուցաբերում։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողներին ասել է «Աքիլլես» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոստիկանները տուգանում են 75 տոկոս եւ ավելի մգեցված ապակիների համար, բայց միայն թյունինգ արվածի դեպքում։ Եթե մգեցումը գործարանային է, տուգանքը չի գործում։ «Ինչ տարբերություն արտադրողն է մգեցրել, թե ոչ, եթե այն արդեն մուգ է»,- հարցադրում է արել Հովհաննիսյանը։
Հիմա կազմակերպությունը այս կապակցությամբ սպասում է ՃՈ պատասխանին։ «Մենք դեռ պատասխան չենք ստացել, սակայն ասում են, թե մառախուղի ժամանակ վատ տեսանելիություն է լինում։ Իսկ մենք կարող ենք պատասխանել. իսկ գործարանային մգեցումից կախված՝ մառախուղն ավելի լուսավո՞ր է լինում»,- հավելել է Էդուարդ Հովհաննիսյանը։