Նոր պատվաստանյութը թմրամոլներին կպաշտպանի գերդոզավորումից
ՀասարակությունThe Scripps Research Institute-ի գիտնականները պատվաստանյութ են մշակել, որը թմրամոլներին կարող է պաշտպանել գերդոզավորումից եւ կանխարգելել ֆենտանիլի բացասական ազդեցությունը:
Ֆենտանիլը մորֆինից 80 անգամ ավելի հզոր սինթետիկ օպիոիդ է: Այն նշանակում են այնպիսի հիվանդների, որոնք տառապում են ուժեղ ցավերից, իսկ դրա ածանցյալները լայնորեն տարածված թմրանյութեր են:
Նոր պատվաստանյութի հիմքում օպիոիդի կառուցվածքը նմանակող մոլեկուլ է: Մկներին այդ մոլեկուլի ներարկումը հանգեցրել է արյան մեջ ֆենտանիլի հիմքի վրա ստեղծված դեղամիջոցների դեմ հակամարմինների ավելացմանը: Եթե օրգանիզմում ֆենտանիլ կամ դրան ազգակից թմրանյութեր են հայտնվում, հակամարմինները հարձակվում են դրանց վրա եւ թույլ չեն տալիս, որ դրանք հասնեն գլխուղեղին:
Հետազոտողները Պոլ Բրեմերի գլխավորությամբ պարզել են, որ պատվաստանյութի ներարկումն իրոք պաշտպանել է ֆենտանիլի հիմքի վրա ստեղծված թմրանյութերի մեծամասնության բացասական ազդեցությունից: Բացի այդ, պատվաստանյութը ստացած կենդանիներին ցավազրկման համար դեղամիջոցի անհամեմատ ավելի փոքր չափաբաժին էր պահանջվում:
Ֆենտանիլի չափաբաժինը, որը կործանարար էր եղել պատվաստանյութը չստացած կենդանիների 55 տոկոսի համար, պատվաստված մկների համար մահացու չի եղել, ինչը վկայում է, որ պատվաստանյութը կարելի է օգտագործել նաեւ չափազանց մեծ չափաբաժնով թմրանյութի բացասական ազդեցությունը կանխելու համար: Պատվաստանյութի ազդեցությունը պահպանվում էր դրա ներարկումից 6 շաբաթ անց, իսկ 10 շաբաթից թուլանում էր:
Հետազոտողները նախատեսել են շարունակել հետազոտությունները եւ ավելի երկարաժամկետ ազդեցությամբ պատվաստանյութ մշակել: Նրանց աշխատանքը շատ կարեւոր է շատ երկրների համար, որտեղ թմրանյութերի չափազանց մեծ չափաբաժին ընդունելու հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: