Ակտիվիստները հեռացան նախագահականի մոտից՝ կրկին վերադառնալու խոստումով
Ուշադրության կենտրոնումԻ աջակցություն կալանավորված քաղաքացիական ակտիվիստներ Վարդգես Գասպարիի եւ Գեւորգ Սաֆարյանի՝ ակցիայի մասնակիցներին այսօր՝ փետրվարի 22-ին, այդպես էլ չհաջողվեց մոտենալ նախագահական նստավայրին:
Ակտիվիստները, որ, չնայած ոստիկանների դիմադրությանը, դիմացի մայթից անցել էին փողոցը եւ հավաքվել Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ, հեռացան վերադառնալու խոստումով:
«Ոստիկանները խոչընդոտեցին մեր ակցիան. ինչը մեզ լիովին լիազորում է վերադառնալ եւ մեր ձայնը լսելի դարձնել: Իսկ մեր ասելիքն այն է, որ մենք էլ ունենք նույն քաղաքական հայացքները, ինչ որ կալանավորվածները, թող մեզ էլ կալանավորեն»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից Արամ Մանուկյանը:
Ակտիվիստները այդպես էլ չհանդիպեցին նախագահականից ոչ մեկի: Այդ հարցում նրանց օգնել փորձող՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասաց, որ նախագահականում համապատասխան բաժնի աշխատանքային ժամերը ավարտվել են:
Ակտիվիստները իրենց հետագա անելիքների օրակարգը քննարկելուց հետո կիրազեկեն իրենց հաջորդ ակցիայի մասին:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, նա կալանավորված է հունվարի 1-ից: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպրին կալանավորվել է օրեր առաջ՝ այն բանից հետո, երբ մի քանի անգամ հրաժարվել է ներկայանալ իր դեմ մեղադրանքով դատական նիստերին: