ՔՊ-ում տարաձայնությունները գնալով խորանում են
ՎերլուծությունԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տարաձայնությունները խորանում են, այս անգամ էլ արտաքին քաղաքական հողի վրա, իսկ Փաշինյանը դեռ լուռ հետևում է։
Եվրամիությանն անդամակցության հանրաքվե չանցկացնելու որոշումը, իսկ ավելի ճիշտ հետաձգումը, լուրջ հակասություններ է առաջացրել իշխող վարչախմբի ներսում։ Այսպես կոչված «սորոսականների» թևը պահանջում է անհապաղ կազմակերպել այդ հանրաքվեն, հանրությանը հստակ ազդակներ հղել։ Նշում են, որ նման քայլը թույլ կտա զգալի միջոցներ ներգրավել Արևմուտքից։ Բացի այդ, այս թևը կարծում է, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունները բավական սրված են, կարելի է այդ ալիքի վրա «հայփ» բռնել, մտնել եվրոպացիների աչքը։ Մյուս թևը բացատրում է դրա հնարավոր հետևանքները թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական։ Նշում են, որ այդպիսի հանրաքվե անցկացնելու որոշումից հետո Հայաստանին դուրս կվռնդեն ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ։
Իսկ ԵԱՏՄ-ն լքելը տնտեսական ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն առայժմ ներկուսակցական ժողովներում չի արտահայտվել, միայն լսում է կողմնակիցներին, ինչ-որ նշումներ անում։ Այդ հանգամանքը մտահոգել է բոլոր կողմերին, որոնք չեն հասկանում, թե իրականում ինչ կա պարագլխի մտքում։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, հանրաքվեն առժամանակ են հետաձգել, հարմար պահի առաջ են բերելու, ներկայացնելու են որպես ՔՊ նախաձեռնություն, այլ ոչ արևմտամետ «ժողովրդավարական ուժերի հարթակի» առաջարկ։ Այդկերպ, փորձելու են յուրացնել հանրաքվե անցկացնելու դափնիները։
Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանը հակված է գնալ Արևմուտքի հետ ավելի սերտ գործակցության, մի քանի առիթով ասել է, թե իրենց Ռուսաստանում չեն սպասում։
Արմենուհի Եսայան