Զբոսաշրջիկների թիվը հետևողականորեն նվազում է
ՎերլուծությունՀայաստանում վերջին ամիսներին զբոսաշրջիկների թիվը հետևողականորեն նվազում է։ 2024 թվականի հունիսին Հայաստան է այցելել 180 718 զբոսաշրջիկ` 18 441-ով քիչ, քան նախորդ տարվա հունիսին։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, 2023 թվականի հունիսին Հայաստան էր եկել ընդհանուր 199 159 մարդ։ 2024 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41 %), Վրաստանից (13 %) և Իրանից (7 %), որոնց հաջորդում են Հնդկաստանը (3 %) և ԱՄՆ-ն (2 %)։ Այս տարի դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ փոքր–ինչ (շուրջ 3 %–ով) նվազել են։
Առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ հունվար–մայիսի ցուցանիշից։ Ըստ մասնագետների, զբոսաշրջիկների թվի նվազման վրա ազդող կարևոր գործոններից մեկն էլ ռուսական «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելու՝ հայաստանյան բանկերի որոշումն է, ինչի հետևանքով շատ ռուսաստանցիներ նախընտրում են չգալ Հայաստան։
Դա նաև շղթայական բացասական ազդեցություն է ունենում ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի վրա, կորուստները փոխհատուցելու համար ռեստորանատերերն ու հյուրանոցատերերը բարձրացնում են իրենց ծառայությունների և ապրանքների գները։
Մանան Ալեքսանյան