Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, անդամներ Մարիամ Գալստյանի, Արամայիս Փաշինյանի և Լիլիթ Ալեքսանյանի մասնակցությամբ ուսումնասիրել է Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության կողմից «Հետք» լրատվամիջոցի՝ «Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը և պարզել․
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հետ փոխկապակցված անձ Մեխակ Միքայելյանի բաժնեմասնակցությամբ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ իրականացված գնման գործընթացի արդյունքում Սևակ Միքայելյանն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն (անգործություն), որն առերևույթ հանգեցրել է, կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ այդ մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով, այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերևույթ խախտում։
«Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգքրի 169․31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասով Հանձնաժողովը որոշեց՝
1․ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Սասունի Միքայելյանի նկատմամբ հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ։
2․ Սահմանված կարգով ապահովել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումը։
3․ Սույն որոշումը եռօրյա ժամկետում հրապարակել Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»,- նշվում է որոշման մեջ։
Այն ընդունվել է հուլիսի 4-ին։
Հիշեցնենք, որ «Հետքը» ապրիլի 29-ին հրապարակել էր հիշյալ նյութը, որտեղ նշվում է, որ արդեն մի քանի տարի է` Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի գումարը մոտ 156 մլն դրամ է:
Միքայելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին: Համայնքների խոշորացումից հետո՝ 2021թ. դեկտեմբերին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Սևակ Միքայելյանը դարձյալ ընտրվել է համայնքի ղեկավար:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live