Մարդիկ միշտ զրուցակցի մասին որոշակի կարծիք են կազմում առաջին անգամ նրան տեսնելիս կամ նրա ձայնը լսելիս: Օրինակ՝ հեռախոսով անծանոթի հետ խոսելիս զրուցակիցը միշտ պատկերացնում է, թե ինչպիսի տեսք ունի նա: Այս մասին հայտնում են բրիտանացի գիտնականները:
Ուսումնասիրություններին մասնակցել է 47 մարդ: Կամավորներին անծանոթների 18 լուսանկար են ցույց տվել եւ 18 մարդու ձայն են լսել տվել: Դրանից հետո մասնակիցները պետք է գուշակեին այդ մարդկանց առողջական վիճակը, տարիքը, քաշը եւ այն, թե որքան առնական կամ կանացի տեսք ունեն նրանք: Կամավորներին չեն ասել, որ ձայները պատկանում են լուսանկարներում պատկերված մարդկանց:
Մասնակիցները յուրաքանչյուր բնութագրիչ գնահատել են 0-7 բալանոց սանդղակով, իսկ հետո գիտնականները համեմատել են գնահատականները: 100-տոկոսանոց համընկնման համար 1 միավոր է տրվել, իսկ դրա բացակայության համար՝ զրո: Այսպես՝ ամենականացի ձայները կապել են ամենականացի դեմքերի հետ եւ հակառակը՝ ամենաառնական ձայները՝ ամենաառնական նկարների հետ: Համընկնումը կազմել է 0.94: Մասնակիցները նաեւ բավական հստակ որոշել են տարիքը՝ 0.84 եւ առողջական վիճակը՝ 0.77:
Միջինում ձայներով եւ լուսանկարներով բնութագրումները տարբերվում էին ընդամենը 1 բալով, իսկ տարիքը՝ 4: Երկրորդ փորձը ցույց է տվել, որ կամավորները 60 տոկոս ճշգրտությամբ գուշակում էին, թե մարդկանցից ում է պատկանում ձայնը: Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է օգտակար լինել ոստիկանների համար: Օրինակ, եթե վկան չի տեսել հանցագործին, բայց լսել է նրա ձայնը, նա մոտավորապես կարող է նկարագրել նրան, փոխանցում է MED Daily-ն: