Թբիլիսյան խճուղում «Օպելը» բախումից հետո վրաերթի է ենթարկել «Սանիթեք»-ի աշխատակցին. կան վիրավորներ
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 20-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող հանրակացարանների մոտակայքում` արագաչափի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Opel Astra G» մակնիշի 81 RT 881 համարանիշի (վարորդ՝ 32-ամյա Խ. Չ.) ավտոմեքենան բախվել է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող կայանած «Renault» մակնիշի 356 OF 61 համարանիշի (վարորդ՝ 30-ամյա Ա. Ռ.) ավտոմեքենային եւ վրաերթի ենթարկել «Սանիթեք» ՍՊԸ-ի աշխատակից 41-ամյա Ա. Լ.-ին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր 34-ամյա Վ. Ս.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Բժիշկները Խ.Չ.-ի եւ Ա.Լ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության իսկ Վ.Ս.-ը` բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ սահմանազատել տարածքը: