Փաշինյանը «դուխ» է տալիս ուժայիններին նոր սրացումներին ընդառաջ
ՎերլուծությունՎերջին օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի հանդիպումներ է ունեցել ուժային կառույցների ներկայացուցիչների բարձր ղեկավարությունների հետ՝ գրեթե կոլեգիայի հավաքների մակարդակով։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումներ են եղել թե՛ ներքին գործերի նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում ու Քննչական կոմիտեում։ Առաջիկայում սպասվում է նաև Փաշինյանի հանդիպումը պաշտպանության նախարարության հետ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս հանդիպումներում փորձում է ճշտել իրավապահների վերաբերմունքն ընդդիմությանը և գործող իշխանությանը, ինչպես նաև նոր խոստումներ է տալիս պարգևավճարների մասով։
Հրահանգվել է նաև որևէ կերպ քրեական գործեր չհարուցել այն ոստիկանների և ուժայինների նկատմամբ, որոնք մասնակից են ընդդիմության նկատմամբ բռնաճնշումներին։ Ավելին, ներքին գործերի նախարարությունում հանդիպմանը Փաշինյանը հանձնարարել է «ջրել» բոլոր քրեական գործերն իրավապահների նկատմամբ, իսկ բռնություններ գործադրած իրավապահներին պաշտոնի բարձրացում և պարգևավճարներ տալ՝ այդ կերպ խրախուսելով նաև մյուս ոստիկաններին։
Մի քանի ոստիկանների, որոնց հեռացրել էին կամ կասեցրել ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների համար, Փաշինյանը հանձնարարել է հետ վերադարձնել համակարգ և նկատողություն են արել Վահե Ղազարյանին այդ կապակցությամբ։
Գործող իշխանությունները պատրաստվում են արդեն աշնանն ընդդիմադիր նոր ալիքի, որը կարող է շատ ավելի լուրջ և տարողունակ լինել, քան Բագրատ Գալստանյանի գլխավորած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ուստի իշխանություններն իրենց հույսը վերջնականապես դրել են ոստիկանության վրա և փորձում են ստանալ ուժայինների աջակցությունը։
Լուսինե Բաղինյան