Ռուսաստանը Կապանում հյուպատոսություն է ուզում, բայց ՔՊ-ն կարող է խանգարել
ՎերլուծությունՌուսաստանը ցանկանում է Կապանում հյուպատոսություն բացել, իսկ Հայաստանի իշխանությունները թույլատվություն տվել են, բայց առայժմ վերջնական համաձայնություն չեն տալիս։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտարարել է, թե Մոսկվան ակնկալում է հյուպատոսությունը Կապանում բացել մոտ ապագայում։ Հստակ ժամկետներ դիվանագետը կրկին չի նշել, ասել է, թե ակնկալում են, թե այն տեղի կունենա մինչև տարեվերջ։
2023 թվականին նոյեմբերի 2-ին Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն ունի, Երևանն էլ համաձայնություն է տվել։
Ներկայումս Կապանում միայն մեկ հյուպատոսություն կա՝ Իրանինը, թեև արևմտյան երկրները, մասնավորապես Ֆրանսիան, ևս ցանկություն ունեն Կապանում հյուպատոսություն բացելու։
Ռուսաստանը Հայաստանում հյուպատոսություն ունի միայն Գյումրիում, իսկ Կապանում հյուպատոսության բացումն առանցքային և կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է կանխել ռուսական հյուպատոսության բացումը Կապանում, և գործող իշխանությունները մտադիր են բավականին լուրջ խոչընդոտներ հարուցել այդ ճանապարհին, մասնավորապես Ռուսաստանի դեսպանն ամիսներ առաջ այցելել է Կապան, համապատասխան տարածք ընտրել նոր հյուպատոսության համար։
Չի բացառվում, որ, ի վերջո, արտգործնախարարությունը, պատճառաբանելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, հրաժարվի ընդհանրապես Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու գաղափարից, փոխարենը նախապատվություն տա արևմտյան երկրների հյուպատոսություններին։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը նաև հյուպատոսություն ցանկանում է բացել օկուպացված Ստեփանակերտում, այստեղ էլ Ադրբեջանի քաղաքական ուժերն են լուրջ հակազդեցություն ցուցաբերում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղից ռուսական զորքերի դուրս բերումից հետո կրկին ռուսների մուտքն այնտեղ թողնելը ոչ նպատակահարմար են համարում։
Մարգարիտա Դարչինյան