Հռոմի պապը երազում է այցելել Չինաստան
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը երազում է այցելել Չինաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քահանայապետը փետրվարի 19-ին լրագրողներին հայտարարել է այն ինքնաթիռում, որով նա Մեքսիկայից վերադառնում էր Վատիկան:
«Ես շատ կցանկանայի այցելել Չինաստան»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ պատասխանելով իր երազանքի վերաբերյալ հարցին:
Վատիկանի եւ ՉԺՀ-ի հարաբերությունների նորմալացումը շատ դանդաղ է ընթանում: Պապը պարբերաբար բարեկամական ուղերձներ է հղում Չինաստանի ղեկավարությանը, բայց օրերս հավատարմագրեր է ընդունել Թայվանի հերթական դեսպանից: Սուրբ աթոռը միջազգային իրավունքի միակ եվրոպական սուբյեկտն է, որը դիվանագիտական հարաբերություններ ունի Չինաստանի Հանրապետության (Թայվանի) հետ:
ՉԺՀ-ի կառավարության եւ Սուրբ աթոռի միջեւ բանակցությունները շարունակվում են. դրանց գլխավոր խոչընդոտը մայրցամաքային Չինաստանում կաթոլիկների կարգավիճակի հարցն է: Չինաստանը մերժում է Հռոմի պապի հոգեւոր հեղինակությունը նրանց նկատմամբ՝ Չինաստանի հայրենասիրական կաթոլիկական ասոցացիան որպես միջոց օգտագործելով Վատիկանի ազդեցության դեմ պայքարելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: