Քրգործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքով
Ուշադրության կենտրոնումՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/11 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Գրիգորյանը այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ մտացածին տվյալներ է լրացրել նշված տեղամասի ընտրողների ցուցակներում ընգրկված, նույն բնակարանում հաշվառված Ա. եւ Կ.Մանուկյանների անվան դիմաց, ստորագրել եւ կնքել իրեն հատկացված կնիքի դրոշմով։ Ա.Գրիգորյանը չի հասցրել այլ անձանց փոխարեն քվեարկությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում. նշված դեպքը հայտնաբերվել եւ կանխվել է տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամի կողմից:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու համար:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: