«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում
ՎերլուծությունԳործող վարչախմբի տարբեր կլաններ, վերջին օրերին տենդագին հավաքների և քննարկումների մեջ են, փորձում են հասկանալ, թե ի՞նչ է լինելու իրենց հետ ընդդիմադիր շարժման հաջողության դեպքում, և հնարավորություն կա՞, գոնե կամուրջներ պահպանել ընդդիմության, հնարավորության դեպքում նաև շարժումը առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ` սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով։
Փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, երեկ, ինչպես օրինակ` Սարգիս Խանդանյանը, Բաբկեն Թունյանը և Գուրգեն Արսենյանը լրագրողներին համոզում էին, թե «Քաղպայմանագրում» նույնիսկ մեկ ու կես ձայն չկա, որ կարող է աջակցել Բագրատ Սրբազանի շարժմանը։ Նշում էին, թե «Քաղպայմանագիրը» կուռ է և որևէ կերպ խուճապի մատնված չէ։
Իրականում բոլորովին հակառակն է։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին տարբեր խմբեր կապ են հաստատել ընդդիմության ներկայացուցիչների հետ, փորձելով իրենց համար անվտանգության երաշխիքներ կորզել, միայն այդ դեպքում են պատրաստ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին՝ Ազգային ժողով հասնելու դեպքում։
Փաշինյանն ինքն էլ տեղյակ է նման քննարկումների և առանձին զրույցների մասին, և իր էմիսարներին գործուղել է կուսակցություն, որոնք յուրաքանչյուր պատգամավորի հետ առանձին-առանձին զրույցներ են ունենում, նրանց բացատրում, որ կպատժեն, կամ էլ ինչ-որ խոստումներ են տալիս կուսակցական հավատարմությունը պահպանելու դիմաց։
Սյունե Ադամյան