Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի
HeaderԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, վիրավորների թիվը 61-ն է:
Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից 200 մետր հեռավորության վրա: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա է պայթել այդ վայրում:
Թուրքիայի հետախուզական կառույցները կատարվածի պատասխանատու են հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Նրանք դեռ մեկ շաբաթ առաջ Անկարայի և Ստամբուլի անվտանգության մարմիններին տեղեկացրել էին ականապատ մեքենայով հնարավոր պայթյունի մասին:
Ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել փետրվարի 18-ին նախատեսված այցն Ադրբեջան: