Արարատում դիահերձարանից ուրիշի դիակ են տուն բերել
ՀասարակությունԱրարատի մարզի Վերին Դվին գյուղում հարազատները միայն հագուստից են գլխի ընկել, որ իրենց հարազատի` 92-ամյա Սիրանույշ Մարագուլովայի դիակի փոխարեն դիահերձարանից տուն են բերել բոլորովին այլ կնոջ դիակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտաշատի դիահերձարանի դիահերձող Ժորա Մելքոնյանը:
Նրա խոսքով, նույն ժամանակահատվածում դիահերձարանում են իրար շատ նման երկու կնոջ դիակ է եղել: Սիրանույշ Մարագուլովայի դիակի հետեւից գնացած հարեւանները չեն ճանաչել կնոջը եւ տուն են տարել մյուս կնոջ դիակը:
Հանգուցյալ Սիրանույշի հարազատները միայն կնոջ հագուստից են գլխի ընկել, որ բոլորովին այլ կնոջ դի են բերել տուն:
«Հարազատները զանգեցին դիահերձարանի աշխատողներին, ասին` ինչո՞ւ չեք մեր տված հագուստը հագցրել: Մենք էլ ասացինք` հարգելինե'րս, դա ձեր դիակը չի, ես տանելուց էլ զգուշացրի, որ ուրիշի դիակ եք տանում, հարեւաններն ասացին` չէ', մենք գիտենք»,- ասաց Ժորա Մելքոնյանը:
Վերջինի խոսքով, թյուրիմացությունը պարզվելուց հետո դիահերձարանի աշխատողները փոխել են դիակները։