Ապարանում ողբերգական վթարի հետևանքով տուժած 1-ամյա փոքրիկին տեղափոխեցին Երևան
ՀասարակությունԱպարան-Վանաձոր ավտոճանապարհին այսօր՝ փետրվարի 16-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով վիրավորված 1-ամյա փոքրիկին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ապարանի բժշկական կենտրոնի ղեկավար Հայկ Շմավոնյանը:
«Երեխան ունի ձախ բազուկի կոտրվածք եւ գանգուղեղային տրավմա, տեղափոխել ենք Երեւան հետազոտման: Վթարի հետեւանքով վիրավորվել է մի կին, որին վիրահատել ենք եւ այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը միջին ծանրության է: Մի երիտասարդի էլ տեղափոխել ենք Երեւան»,- ասաց Հայկ Շմավոնյանը:
Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին փետրվարի 16-ին իրար են բախվել «ՎԱԶ 2107» և «ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով մահացել են մայր ու որդի:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, մեզ տեղեկացրին, որ վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: