«Այնպես ծիծաղեց, որ տան անդամներն արթնացան». Երիտասարդ գրողի ինքնատիպ ստեղծագործության «ուժը»
Հասարակություն«Ճանաչենք ժամանակակից արվեստագետներին» խորագրի ներքո Բուկինիստ գրախանութում մի խումբ ընթերցասերներ հյուրընկալեցին դրամատուրգ, թարգմանիչ, արտիստ, հեքիաթագիր և բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանին, ում ինքնատիպ պատմվածքները և սուր հումորով սատիրաներն ունեն իրենց սիրահարները:
Հանդիպումը նպատակ էր հետապնդում արվեստասերներին ներկայացնել մեր ժամանակի երիտասարդ տաղանդավոր անհատականություններին, ովքեր գովազդված չեն, բայց միանգամայն արժանի են ավելի ճանաչման: Նախորդ հանդիպումները եղել են գրողներ Նշան Աբասյանի, Արամ Պաչյանի հետ, որոնց նույնպես և՛ գիտեն, և՛ չգիտեն:

Ընթերցողները բազմաթիվ հարցեր տվեցին գրականության, թատրոնի, կինոյի, թարգմանության, գրականագիտության ու դասախոսական աշխատանքներ կատարող վանաձորցի մտավորականին՝ Էլֆիք Զոհրաբյանին, ում « Ախ, այդ Վհուկը» հեքիաթ-պիեսը վերջերս բեմադրվեց Պատանի հանդիսատեստի պետական թատրոնում, իսկ պատմվածքները բավականին սիրվեցին ընթերցողների կողմից:

Գրողը կարևորեց նաև գրական տեխնիկան: Ներկաներից շատերը եկան այն եզրակացության, որ այսպիսի մտավորական-արվեստագետներին, ով կարևորում է «ճշմարիտ քաղաքացի լինելը», պետք է «մատուցել» հասարակությանը, որովհետև գեղարվեստական արժանիքներ, գաղափարական խորը շերտ ու ասելիք ունեն նրա գրածները, իսկ որոշ «գովազդված» հեղինակներ ոչ միայն ստեղծում են հակարվեստային ստեղծագործություններ, այլև հեռու են արժեքավոր գրականություն ստեղծելուց:

Հանդիպման վարող Լիաննա Պողոսյանը պատմեց, որ Էլֆիք Զոհրաբյանի երգիծական պատմվածքը՝ «Ճիլիմոնը» գիշերով ընթերցելիս այնպես բարձր է ծիծաղել, որ արթնացրել է տան քնած անդամներից: Ընթերցողը մեծ ակնկալիքներ ունի «Հոգեվիճակ 13» գրքի հեղինակից, ում գրքերը փաստորեն սպառվել են այս գորշ ժամանակներում:

Ըստ նրա՝ «Հայը հայ է, կապ չունի խուլ գյուղում է ծնվել, թե մայրաքաղաքի կենտրոնում...»: