Կանադական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտով
ՄիջազգայինԿանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, կողմերը գոհունակությամբ արձանագրել են քաղաքական երկխոսության ակտիվացման փաստը, որի ապացույցն է փոխայցելությունների քնակի աճը երկու երկրների միջև:
Դեսպան Եգանյանը նշել է, որ 2015թ. ընթացքում Կանադա այցելել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև կայացել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը: Միաժամանակ, դեսպանը ողջունել է նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած կանադական երկու պատվիրակությունների այցը Հայաստան` նախարարներ Քրիս Ալեքսանդրի և Քրիստիան Պարադիի ղեկավարությամբ: Նշվել է վերջին տարիների ընթացքում երկկողմ առևտրատնտեսական կապերում արձանագրված առաջընթացը, ինչի վկայությունն է 2015թ. կա նադական առաջին առևտրատնտեսական առաքելության այցը Հայաստան: Դեսպանն ընդգծել է, որ կանադական ընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի արդյունաբերության տարբեր բնագավառների նկատմամբ, մասնավորապես, հանքարդյունաբերական ոլորտում:
Նախարար Դիոնի խնդրանքով դեսպան Եգանյանն ամփոփել է 2015թ. ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Կանադայում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Հանդիպմանը քննարկվել են 2015թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արդյունքները:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքներն ինչպես երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել զարգացնելու, այնպես էլ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային այլ արդի խնդիրների: