Գավառում այս տարի հաճախակի են դարձել շմոլ գազից թունավորման դեպքերը
Ուշադրության կենտրոնումԳավառ քաղաքում եւ տարածքի համայնքներում այս տարվա հունվար-փետրվարի ընթացքում հաճախակի են դարձել շմոլ գազից թունավորումները, որոնցից մեկն ավարտվել է ողբերգությամբ. հայրավանքցի 22 տարեկան երիտասարդին հիվանդանոց են հասցրել արդեն մահացած վիճակում: Իսկ Գավառի բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել շմոլ գազից թունավորված 12 մարդու կյանք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, փետրվարի 14-ին շմոլ գազից առաջացած թունավորմամբ Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ` 54 տարեկան Սուսաննա Վանեցյանը եւ 13 տարեկան Թամարա Բրսիկյանը, ովքեր ստացել են համապատասխան բուժում եւ փետրվարի 15-ին դուրս գրվել հիվանդանոցից:
«Գազի ներտնային սպասարկման սարքավորումների կամ ծխատար խողովակների ոչ ճիշտ շահագործման հետեւանքով առաջացած թունավորման դեպքերը պետք է սթափեցնեն ինչպես համապատասխան ծառայություններին, այնպես էլ գազով կամ փայտով ջեռուցվող բոլոր բնակարանների բնակիչներին, այլապես նման դժբախտ դեպքերը կարող են կրկնվել: Շմոլ գազից թունավորում ստացած եւ մեզ դիմած բոլոր հիվանդները ստացել են համապատասխան բուժում եւ դուրս գրվել հիվանդանոցից»-հավաստեց Աշոտ Կարապետյանը: