Իսրայելցի զինվորականների հետ բախման հետեւանքով 30 պաղեստինցի է վիրավորվել
Ուշադրության կենտրոնումԵրեք տասնյակ պաղեստինցի հրազենային վնասվածքներ է ստացել Հորդանան գետի Արեւմտյան ափին իսրայելցի զինվորականների հետ բախման հետեւանքով, հայտնել է պաղեստինյան լրատվական ՎԱՖԱ գործակալությունը` վկայակոչելով առողջապահության նախարարության տվյալները:
Փախստականների Ալ-Ամարի ճամբարում ստուգման ընթացքում մոտ 25 իսրայելցի զինվորականից կազմված խումբը տեղի բնակիչների դիմադրությանն է հանդիպել, որոնք նրանց վրա քարեր են նետել, զինվորներն ի պատասխան զենք են կիրառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ռամալլահում պաղեստինական բժշկական համալիր է հասցվել Ալ-Ամարիում վիրավորված 28 մարդ… Նրանց մեծամասնությունը վնասվածքներ է ստացել մարմնի ստորին հատվածում», - տեղեկացնում է ՎԱՖԱ-ն:
Ականատեսներին վկայակոչելով` Ֆրանս Փրեսսը հաղորդել է, որ բախումներին «հարյուրավոր» պաղեստինցի անչափահասներ են մասնակցել:
Ֆրանսիական գործակալության տեղեկությունների համաձայն, քարերով վիրավորվել է իսրայելցի մի զինվորական, որին ծառայակիցների օգնությունն է անհրաժեշտ եղել: