Փաշիկ Ալավերդյան. Ծանրամարտում այսօր երիտասարդներն են մթնոլորտ ձեւավորում
ՍպորտԾանրամարտի Հայաստանի առաջնությունում փետրվարի 15-ին ուժեղագույններին են պարզել 2 քաշային կարգերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, 56 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Համլետ Մնացականյանը, ով բարձրացրել է 220 կգ, իսկ 62 կգ քաշայինների պայքարում լավագույնը 258 կգ բարձրացրած՝ Գևորգ Բաղդասարյանն էր:
Հավաքականի գլխավոր մարզչի դիտարկմամբ, դեռեւս վաղ է գնահատականներ տալ, քանի որ այժմ միայն տղամարդկանց 2 քաշային կարգերում են անցկացվել մրցումները, իսկ այդ քաշային կարգերում հայ ծանրամարտիկները ուժեղագույնը չեն:
«Ամեն դեպքում, այժմ արդեն կարելի է ասել, որ ծանրամարտում երիտասարդներն են մթնոլորտ ձեւավորում, իսկ դա արդեն ուրախալի է»,- ասաց Փ. Ալավերդյանը:
Հայաստանի առաջնության արդյունքում կձեւավորվի 8 մարզիկներից կազմված հավաքականը, որը մասնակցելու է ապրիլի 8-16-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Ալավերդյանը տեղեկացրեց նաեւ, որ Եվրոպայում լավագույն արդյունքներ ցացադրած 5 մարզիկները կմեկնեն Ռիո՝ մասնակցելու օլիմպիական խաղերին:
Նշենք նաեւ, որ Հայաստանի առաջնության շրջանակներում փետրվարի 16-ին մրցելու են 69 կգ և 77 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները: