Հայաստանի երիտասարդ ձյուդոիստները պարզել են ուժեղագույններին
ՍպորտԵրևանում կայացել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է 77 մարզիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ձյուդոյի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանը, տղամարդկանցից 55 քաշային կարգում ուժեղագույն է ճանաչվել Էրիկ Հարությունյանը, 60 կգ քաշային կարգում՝ Տիգրան Բադալյանը, 66 կգ քաշային կարգում՝ Ռոբերտ Գաբրիելյանը, 73 կգ՝ Հարություն Առաքելյանը, 81 կգ՝ Դավիթ Նալբանդյանը, 90 կգ՝ Գրիգոր Սահակյանը, եւ 90 + կգ քաշային կարգում՝ Գառնիկ Սարոյանը: Տղամարդկանց քաշային կարգերում բոլոր առաջին հորիզոնականները զբաղեցրած մարզիկները ապրիլի 2-6-ը կմասնակցեն Աթենքում կայանալիք Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությանը: Մ. Սարգսյանի տեղեկացմամբ, Աթենք կմեկնի նաեւ 2015 թ. այս առաջնության բրոնզե մեդալակիր Շահեն Աբաղյանը:
Այս մարզիկը վնասվածքի պատճառով չի մասնակցել Հայաստանի առաջնությանը, սակայն առաջիկայում հավաքականի հետ կմասնակցի ուսումնամարզական հավաքին:
Կանանցից Հայաստանի չեմպիոնի կոչմանն են արժանացել 52 կգ քաշային կարգոււմ Նունե Նազարյանը, իսկ 52+ կգ քաշային կարգում՝ Աննա Մկրտչյանը: Հավաքականի գլխավոր մարզչի դիտարկմամբ, կանանցից հավաքականում մարզիկներ չեն ներառվել, քանի որ առաջնության արդյունքները ցույց տվեցին, որ նրանք բավականաչափ պատրաստված չեն: