ԵԱՏՄ երկրները կենսաթոշակային նոր համաձայնագրի նախագիծ են քննարկում
ՀասարակությունԵվրասիական տնտեսական միության շրջանակներում ներկայում քննարկվում է կենսաթոշակային նոր համաձայնագրի նախագիծ:
Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Աստրյանը Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ:
«Քաղաքացիների կենսաթոշակային ապահովության համաձայնագրի մասով որոշակի փոփոխություններ կլինեն:
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի իր մոտ աշխատած ժամանակահատվածի համար քաղաքացիների վճարումները:
Քաղաքացիների տեղաշարժի դյուրացման տեսանկյունից, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, սոցիալական երաշխիքները, այդ թվում` կենսաթոշակային ապահովության իրավունքը, պետք է իրացվի այն երկրում, որտեղ բնակվում ու աշխատում է անձը»,-« ասաց Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ ԵՏՄ անդամ չորս երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ներկայում իրականանում են մասնագիտական քննարկումներ:
Նախարարի խոսքով` փոփոխություններ չեն նախատեսվում զինծառայողների ու նրանց հավասարացված անձանց կենսաթոշակային ապահովման համակարգում:
«Զինված ուժերի, Ոստիկանության, Ազգային անվտանգության համակարգում ներառված ծառայողների մասով համաձայնագրերի փոփոխություն չի նախատեսվում:
Դա շարունակելու է գործել նույն տրամաբանությամբ, ինչ ընդունվել է դեռևս 1992 թվականից»,-հայտնեց Արտեմ Ասատրյանը: