ԼՂ խնդրին չի կարող լինել տեւական լուծում ռազմական ճանապարհով. ԱՄՆ դեսպան
HeaderԼեռնային Ղարաբաղի հարցը չի կարող ունենալ տեւական լուծում ռազմական ճանապարհով: Այս մասին նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին:
«Բախումների սրացումը շփման գծում եւ հռետորաբանությունը խորապես մտահոգիչ է ԱՄՆ կառավարության համար: Իմ կարծիքով հակամարտության գծում սխալ հաշվարկների կամ սխալի պատճառով սրացման հնարավորությունը իրական է: Դա է պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահները երկու կողմերին հորդորում են քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը հսկելու մեխանիզմներ ձեւավորելու ուղղությամբ:
Սա մի թեմա էր, որ քննության առնվեց դեկտեմբերին Շվեյցարիայի Բերն քաղաքում երկու նախագահների հանդիպման ընթացքում: ԱՄՆ համանախագահ դեսպան Ուորլիքն աշխատում է մյուս համանախագահների հետ միասին՝ երկխոսությունը առաջ մղելու նպատակով»,-ընդգծել է դեսպանը:
Նշենք, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստան ժամանելու մեկամյակի առիթով առցանց ռեժիմով պատասխանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանն առնչվող ՀՀ քաղաքացիների հարցերին: