Ծովինար համայնքը ձեռք է բերել հացահատիկահավաք նոր կոմբայն
ՀասարակությունՀայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը գյուղական համայնքների զարգացման պետական ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքին է տրամադրել ռուսական արտադրության «Նիվա էֆեկտ» մակնիշի հացահատիկահավաք նոր կոմբայն:
Ինչպես տեղեկացրեց Ծովինար համայնքի ղեկավարի տեղակալ Գեղամ Գյուրջյանը, կոմբայնի արժեքի 50 տոկոսը, որը կազմում է 13 միլիոն 750 հազար դրամ, կառավարության որոշմամբ փոխհատուցվել է պետբյուջեից: Իսկ մնացած գումարն իր անձնական միջոցներից տրամադրել է ազգային ժողովի ծովինարցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Ծովինար համայնքի ղեկավարի տեղակալի հավաստմամբ` նոր կոմբայնի շահագործումը զգալիորեն կթեթեւացնի համայնքի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը: Համայնքն ունի շուրջ 500 հեկտար ցանովի եւ ջրովի հացահատիկի տարածք, սակայն վերջին տարիներին մշակվում է միայն 100 հեկտարը:
Պատճառներից մեկն էլ կոմբայնի բացակայությունն էր:
Ծովինարցիները բերքահավաքի շրջանում ստիպված էին ապավինել Գյումրի եւ Թալին համայնքների կոմբայնավարների ծառայություններին:
Ձեռք բերված կոմբայնի շնորհիվ համայնքի համար այս խնդիրն արդեն լուծված է, ինչը կնպաստի համայնքի ցանքատարածությունների ավելացմանը»,-հավաստեց Գեղամ Գյուրջյանը: