2023 թվականին ամենատաք եղանակը՝ վերջին 125 հազար տարում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականին կարող է լինել ամենատաք եղանակը վերջին 125 հազար տարում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով գիտական ուսումնասիրությունները։ Ընդ որում, անցյալ ամիս եղել է ամենաջերմ հոկտեմբերն աշխարհում նշված ողջ ժամանակաշրջանի համար։
Վերջին անգամ հոկտեմբերին նման ջերմաստիճաններ գրանցվել են 2019 թվականին, ըստ եվրոպական Copernicus կենտրոնի տվյալների։ Այժմյան եւ այդ ժամանակվա ռեկորդների տարբերությունը 0,4 աստիճան է, ըստ Ցելսիուսի, ինչը ահռելի մեծ թիվ է, նշում են մասնագետները։ Ջերմաստիճանը բարձրանում է ջերմոցային գազերի անընդհատ արտանետումների պատճառով, որոնք համադրվելով Էլ-Նինյո եղանակային երեւույթի հետ հանգեցնում են Խաղաղ օվկիանոսի ջրերի մակերեւույթի տաքացմանը։ Հոկտեմբերին մերձերկրային մթնոլորտային շերտում ջերմաստիճանը եղել է 1,7 աստիճան։ Մասնագետներն ահազանգում են, որ կլիմայական փոփոխությունները որքան խորանան, այնքան ավելի մարդկությունն իր վրա զգալու է դրա կործանարար հետեւանքները։
Ընթացիկ տարում բնական աղետներ եղան մեր մոլորակի բազմաթիվ շրջաններում, ինչպես օրինակ՝ հազարավոր մարդկանց կյանքեր խլած հեղեղումները Լիբիայում, ուժգին շոգերը Հարավային Ամերիկայում, անտառային հրդեհները Կանադայում եւ այլն։ Միակ տարբերակը, ըստ գիտնականների, ջերմոցային գազերի արտանետումների շեշտակի կրճատումն է, որպեսզի հաջորդ տասնամյակներին հնարավոր լինի գոնե կրկնակի անգամ դանդաղեցնել կլիմայի տաքացման գործընթացը։