Քեն Խաչիկյանը կոչ է արել ՀՀ-ԱՄՆ առևտրի համաձայնագիրն ստորագրել Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում
Ուշադրության կենտրոնումՀայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ առևտրային հարցերով ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ստորագրել Հայաստան-ԱՄՆ առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը (TIFA):Ամերիկացի պաշտոնյային ուղղված նամակում Խաչիկյանը նշել է, որ համաձայնագիրն անցել է երկար նախապատրաստական և հաջող բանակցային փուլ, սակայն դեռևս պաշտոնապես չի վավերացվել Միացյալ Նահանգների և Հայաստանի կողմից:
Հայաստանի հետ նման համաձայնագրի կնքումը նշանակալի ազդեցություն կունենա ներկայիս տնտեսական երկխոսության վրա: «Համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի լայն և մնայուն պլատֆորմ ապահովել ԱՄՆ կառավարության համար՝ պարբերաբար հանդիպելու և խորհրդակցելու Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ՝ տնտեսական համագործակցությունը և առևտրային ու ներդրումային հնարավորություններն ընդլայնելու համար»,- ասվում է նամակում:
Համաձայնագիրն ԱՄՆ-ի կողմից նաև այլ երկրների հետ կնքված տիպային փաստաթուղթ է, որով նախատեսվում է ստեղծել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ: Համատեղ խորհրդի նպատակներն են` երկու կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, ինչպես նաև հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում: