Թուրքիան եւ ԻՊ-ն գաղտնի բանակցություններ են վարում. Լավրով
HeaderԹուրքիան եւ ԻՊ-ը գաղտնի բանակցություններ են վարում ու քննարկում են մաքսանենգ մատակարարումների տարբերակները։ Այս մասին «Մոսկովսկի Կոմսոմոլեցին» հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեզ շատ են անհանգստացնում մեր ունեցած տեղեկություններն այն մասին, թե թուրքերը ինչ են պլանավորում անել կամ ինչը նրանք արդեն միգուցե սկսել են յուրացնել Սիրիայի տարածքում՝ փախստականների համար ճամբարներ ստեղծելու պատրվակով։
Թուրքիան շարունակում է Սիրիայի տարածքում ԻՊ-ից ազատ անվտանգության գոտի ստեղծելու մասին խոսակցությունները։ Բոլորը հասկանում են, որ խոսքը երկու քրդական անկլավների միջեւ սահմանային տարածքի մասին է, որոնց միավորումը Թուրքիայի համար անընդունելի է»,- ասել է նախարարը։
«Տեղեկություններ կան այն մասին, որ ԻՊ ղեկավարությունը շարունակում է շփումները Թուրքիայի ղեկավարության հետ։ Նրանք քննարկում են գործողությունների տարբերակները ներկայիս պայմաններում, երբ մեր օդուժի հարվածներով մաքսանենգության ավանդական ճանապարհները սահմանափակ են»,- հավելել է Լավրովը։
Ռուսաստանի տեղեկություններով՝ թուրքերը ՆԱՏՕ-ում արդեն քննարկել են Սիրիայի տարածքում ԻՊ-ից ազատ գոտի ստեղծելու հարցը։
Լավրովը կարծում է, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան Թուրքիային թույլ չի տա Սիրիա մեծամասշտաբ ներխուժման պլան իրականացնել։
«Ես չեմ կարծում, որ ամերիկացիների ղեկավարած կոալցիան, որի մեջ է մտնում նաեւ Թուրքիան, թույլ կտա իրականացնել նման անմիտ պլաները»,- ընդգծել է նա։