2015-ին Հայաստանի 3932 քաղաքացու համար Ռուսաստանի մուտքի արգելքը հանվել է
ՄիջազգայինՀայաստանի ՏԿԱԻՆ Միգրացիոն ծառայությունը ՌԴ մուտքի արգելքի հետ կապված 2015 թվականին ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն է ուղարկել 7826 դիմում, ստացվել է 7262 պատասխան, որից 3932-ը` դրական ելքով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ՏԿԱԻՆ կոլեգիայի նիստում նշել է ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ ներկայացնելով 2015-ի արդյունքները:
Նրա խոսքով, դրական պատասխանների ցուցանիշը 2014 թ. համեմատ բարելավվել է, ինչին նպաստել է 2015 թ. Մոսկվայում ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանդիպումը ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ:
Իր ամփոփիչ ելույթում նախարար Արմեն Երիցյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել նախարարության 2015 թ. գործունեությունը, ապա ուշադրություն հրավիրեց որոշ կազմակերպչական բնույթի խնդիրների վրա եւ տվեց մի շարք հանձնարարականներ: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՏԿԱԻ աշխատակիցներին` արդյունավետ աշխատանքի համար:
«Յուրաքանչյուր անձ, որը լավ է աշխատում, պետք է խրախուսվի»,- շեշտել է նախարար Երիցյանը:
ՏԿԱԻ նախարարի հրամանով` պատվոգրերով պարգեւատրվեցին 2015 թ. լավագույնը ճանաչված մի շարք աշխատակիցներ, ինչպես նաեւ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներ: Նախարարի մեկ այլ հրամանով` ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերած փրկարարները կստանան դրամական պարգեւներ: