Ռուսաստանում ահաբեկչություններ նախապատրաստող խմբավորումը ղեկավարել է Թուրքիայից ժամանած ահաբեկիչը
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կալանավորված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամներն ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Մոսկվայում, Պետերբուրգում եւ Ուրալում: Նրանց պարագլուխը Թուրքիայից ժամանած ահաբեկիչն էր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները` հղում կատարելով ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի կողմից տարածված հաղորդագրությանը: Նշվում է, որ Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո ահաբեկիչները մտադրվել էին մեկնել Սիրիա` մարտական գործողություններին մասնակցելու համար:
«ՌԴ Դաշնային ծառայության աշխատակիցները 2016 թվականի փետրվարի 7-ին Եկատերինբուրգում կալանավորել են ավազակային խմբի 7 անդամների, որոնք օգտագործելով ինքնաշեն պայթուցիկ սարքեր աղմկահարույց ահաբեկչական գործողություններ էին պատրաստում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Սվերդլովի մարզում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածների մեջ Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ կան:
Դաշնային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ահաբեկիչների խմբավորումը ղեկավարել է Թուրքիայից ժամանած ահաբեկիչը:
Դաշնային անվտանգության ծառայության համաձայն` կալանավորվածների նկատմամբ ՌԴ Քրեական օրենսգրքի` «ահաբեկչական գործողություն», «զենքի անօրինական շրջանառություն» եւ «պայթուցիկ նյութերի անօրինական պահպանություն» հոդվածներով քրեական գործ է հարուցվել: