Հունաստանը մտադիր է «կամուրջ» դառնալ Եվրամիության եւ Իրանի միջեւ. Ցիպրաս
ՄիջազգայինՀունաստանի կառավարությունն Իրանի հետ ռազմավարական համավործակցություն հաստատելու ուղեգիծ Է որդեգրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թեհրանի տեխնոլոգիական պարկ կատարած այցելության ժամանակ:
Ցիպրասը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում: Հունաստանի վարչապետը արտասահմանցի առաջին ղեկավարն է, որը Թեհրան է այցելում այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումից հետո:
«Հունաստանը էներգետիկական, տնտեսական եւ առեւտրական կամուրջ կդառնա Եվրամիության եւ Իրանի միջեւ»,- ասել է Հունաստանի վարչապետը:
Ինչպես հաղորդել է Mega հեռուստաալիքը, վարչապետը նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցել տեխնոլոգիաների եւ ինովացիաների, էներգետիկայի, առեւտրի, մշակույթի եւ ծովագնացության բնագավառում:
Հունաստանի վարչապետի այցի ծրագրի հիմնական մասը կսկսվի փետրվարի 8-ին: Ցիպրասը հանդիպում կունենա Իրանի քաղաքական ու պետական ղեկավարության, այդ թվում՝ երկրի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր:
Հունաստանն Իրանի հետ արդեն համաձայնագիր է ստորագրել անմշակ նավթի մատակարարումների վերսկսման վերաբերյալ: