ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 7-ին դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը և խոստացել «ամենալուրջ միջոցները» ձեռնարկել ի պատասխան Փհենյանի կողմից միջազգային կազմակերպության բանաձևերի խախտման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտեցին այդ արձակումը»,- լրագրողներին հայտարարել է Վենեսուելայի դեսպան Ռաֆայել Դարիո Ռամիրես Կարենյոն, որն այս ամիս նախագահում է ԱԽ-ում: Նրա խոսքով՝ արձակումը «Անվտանգության խորհրդի բանաձևերի լուրջ խախտում էր»:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել է. «Մենք երաշխավորում ենք, որ Անվտանգության խորհուրդը կձեռնարկի ամենալուրջ միջոցները: ԿԺԴՀ-ի կողմից վերջին խախտումներն էլ ավելի խիստ պատասխան են պահանջում»:
Իր հերթին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ընդգծել է, որ ԱԽ-ի բոլոր անդամները «միահամուռ դատապարտեցին» ԿԺԴՀ-ի այդ գործողությունները և հայտարարեցին, որ Անվտանգության խորհուրդը պետք է նոր պատժիչ բանաձև պատրաստի:
Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան, նույնպես խստիվ դատապարտել են ԿԺԴՀ-ի գործողությունները և կոչ են արել՝ միջոցներ ձեռնարկել Փհենյանի նկատմամբ:
ԿԺԴՀ-ն փետրվարի 7-ին հեռահար գործողության հրթիռի արձակում է իրականացրել: Փհենյանում հայտարարել են, որ հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Kwangmyongsong-4 («Պայծառ աստղ-4») արբանյակը, որը նախատեսված է Երկրի նկատմամբ դիտարկում իրականացնելու համար: