ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ցամաքային գործողության հնարավորությունը. Պետդեպ
ՄիջազգայինTert.am-ը գրում է .
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային գործողություն սկսելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Սաուդյան Արաբիան օրերս պատրաստակամություն է հայտնել Սիրիա ուղարկել իր զորքերը ցամաքային գործողություններին մասնակցելու համար, սակայն՝ պայմանով, որ այն կհամաձայնեցնի միջազգային կոալիցիայի հրամանատարության հետ։ Այդ մասին հայտարարել էր թագավորության պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասերին։
Ավելի վաղ բրիտանական The Guardian թերթը, հղում անելով թագավորության աղբյուրներին, հայտնել էր, որ Էր Ռիադը կարող է Սիրիա ուղարկել մի քանի հազար զինվորական, ընդ որում` գործողությունը կարող է անցկացվել Թուրքիայի հետ համաձայնեցված:
«Մեզ անհրաժեշտ է ավելի շատ բան իմանալ այդ առաջարկի մասին... Մենք քննարկում ենք սաուդացիների հետ` ինչպիսին են չափանիշները և որոնք են նրանց մտադրությունները»,- ասել է Քիրբին:
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն միշտ ողջունել է այլ երկրների ավելի ծանրակշիռ ներդրումն ԻՊ-ի դեմ պայքարում: Սակայն ավելի վաղ խոսքը Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողության մասին չէր։