Իրանի մրցաշարում հայ շախմատիստները 5 եւ 6-րդ հորիզոնականներում են
ՍպորտԻրանում ընթացող Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարի 8-րդ տուրում գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը կրկին հաղթանակներ են տոնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 8-րդ տուրում Գրիգորյանի միցակիցը իրանցի Մասուդ Մոսադեփուրն է եղել, իսկ Գաբուզյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Վուգեր Ռասուլովին: Արդյունքում, հայ շախմատիստները նվաճած 6,5-ական միավորով վեր են բարձրացել միցաշարային աղյուսակում եւ զբաղեցնում են, համապատասխանաբար 5 եւ 6-րդ հորիզոնականները:
Հայ շախմատիստները առաջատարներից հետ են մնում 0,5 միավորով: Մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալետինը եւ Մաքսիմ Չիգաեւը:
Հիշեցնենք, որ այս տարի մրցաշարին մասնակցում են 12 երկրի 150 շախմատիստ, որոնցից 14-ը գրոսմայստերներ են: