ՀՀ բնապահպանության նախարարությունը ոչնչացրել է ապօրինի որսի ձկնորսական ցանցեր և լողամիջոցներ
Ուշադրության կենտրոնումՀՀ բնապահպանության նախարարի 04.11.2015 թվականի թիվ 320-Ա հրամանով սահմանված` Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսի ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում (20.11-25.12.15թ. և 06.01-20.01.16թ.) իրականացված միջոցառումների արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնաբերել էր ապօրինի որսի 439 ձկնորսական ցանց, 345 խ եցգետնաորսիչ և 3 հատ լողամիջոց: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը հաշվառել և սահմանված կարգով ոչնչացրել է որսի վերոհիշյալ միջոցները: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Որսի արգելքի ժամանակահատվածում, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում առգրավվել է 1 տոննա 617.0 կգ «Սիգ» տեսակի ձուկ (որից մոտ 300 կգ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից), ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով ուժեղացված ռեժիմով իրականացված միջոցառումների արդյունքներին, նշել է, որ ապօրինի որսի կանխարգելմանը և բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: