Վրաստանում մեծապես գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները
ՄիջազգայինՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխգործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
ՀՀ Նախագահը եւ Վրաստանի պաշտպանության նախարարը երկուստեք կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում միջպետական հարաբերություններին, հստակեցնում առաջիկա համագործակցության հեռանկարը, նպաստում նաեւ օրակարգային ընթացիկ հարցերին գործնական եւ արագ լուծումներ գտնելուն:
Հանրապետության նախագահն ընդգծել է հայ-վրացական ավանդական գործընկերային հարաբերությունների, ինչպես նաեւ հավասարակշռված մոտեցումների կարեւորությունը տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյունից:
Նախարար Թինաթին Խիդաշելին նշել է, որ Վրաստանում մեծապես գնահատում են հազարամյակների պատմություն ունեցող հայ եւ վրացի ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները եւ ընդգծել, որ տարածաշրջանում նման հին պատմություն ունեցող բարեկամ ժողովուրդներին ոչինչ չի կարող բաժանել այն ճանապարհից, որը նրանք սկսել են հազարամյակներ առաջ ու միասին շարունակելու են նույնքան երկար տարիներ:
Հանդիպմանը Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները ՀՀ նախագահին ներկայացրել են նախարար Թինաթին Խիդաշելիի այցի շրջանակներում հայ-վրացական ռազմական համագործակցության ուղղությամբ միջգերատեսչական քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:


