Դավութօղլուն մեղադրել է Ռուսաստանին Թուրքիայի օդային սահմանը կրկին խախտելու մեջ
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է Ռուսաստանին իրենց երկրի օդային սահմանը կրկին խախտելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Եթե օդային սահմանի խախտում է եղել, ապա անհնար է դա թաքցնել կամ ձևացնել, թե նման բան տեղի չի ունեցել: Ռուսաստանի կողմից իրականացված որոշ խախտումներ թաքցնելը հնարավոր չէ»,- Սաուդյան Արաբիայի թագավորի նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դավութօղլուն: Նա մեղադրել է ռուսական կողմին Թուրքիայի օդային սահմանը կրկին խախտելու մեջ` նշելով, որ այդ կարճատև խախտումն արձանագրել են թե թուրքական կողմը, թե ՆԱՏՕ-ն:
Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ իրենք նպատակ չունեն ավելի լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ` միևնույն ժամանակ ընդգծելով, որ թուրքական կողմը մշտապես պատրաստ է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել օդային սահմանի խախտման դեպքում:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին իր մոտ էր կանչել այդ երկրում Ռուսաստանի դեսպանին` կապված ռուսական ինքնաթիռի կողմից թուրքական օդային սահմանը խախտելու նոր դեպքի տեղեկատվության հետ:
ՌԴ պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքել է այդ լուրը` հայտնելով, որ Սիրիայում ռուսական ավիացիոն խմբի ոչ մի ինքնաթիռ Թուրքիայի օդային սահմանը չի խախտել: Ռուսական կողմը պաշտոնական Անկարայի այս հայտարարությունն անվանել է «անհիմն քարոզչություն»: