Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ հաղթում է միջազգային մրցաշարում
ՍպորտԲուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, հունվարի 30-ին մրցագորգ է դուրս եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն 98 կգ քաշային կարգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել եգիպտացի Ահմեդ Օսմանի նկատմամբ: Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը իրանցի Ամիրհոսեին Հոսեինին է եղել, ում աշխարհի կրկնակի չեմպիոնը հաղթել է 8:0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ էլ 4:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի ըմբիշի նկատմամբ` երրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը:
Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):