Ռուսական օդուժը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը. ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՍիրիայում ռուսական ավիախմբի կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ գրում է RIA Novosti-ն:
«Սիրիայում Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել ռուսական ավիախմբի ինքնաթիռների կողմից: Թուրքական կողմի հայտարարությունը, թե իբր ռուսական «Սու-34» ինքնաթիռը խախտել է օդային տարածքը, մերկապարանոց քարոզչություն է»,- ասել է Կոնաշենկովը:
Ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ թուրք ՀՕՊ մասնագետները գիտեն, որ օդային տարածքը վերահսկող ռադարները կարող են գրանցել օդում գտնվող օբյեկտի միայն բարձրությունը, ուղղությունը և արագությունը:
«Նմանատիպ ռադարներից ոչ մեկը ունակ չէ պարզելու օդային օբյեկտի տեսակը և պետական պատկանելությունը՝ Ռուսաստանինն է, թե՞ ԱՄՆ կողմից ղեկավարվող, այսպես կոչված, «հակադաիշյան կոալիցիայինը»: Դա հնարավոր է միայն այլ ինքնաթիռից ուղղակի տեսանելի շփման դեպքում, որը չի եղել»,- նշել է Կոնաշենկովը:
Նա ավելացրել է, որ Սիրիայում ո՛չ ռուսական ՀՕՊ միջոցով, ո՛չ էլ սիրիական որևէ ռադիոլոկացիոն կայանի միջոցով սիրիա-թուրքական սահմանի խախտում չի գրանցվել: