Շարմազանովը կարևորում է Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու Օլանդի նախաձեռնությունը
ՄիջազգայինՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորում է, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախաձեռնությունն իր վրա է վերցրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը նշեց, որ նման օրինագիծ կա նաև ՌԴ-ում: «Բնականաբար, մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի ոչ միայն դատապարտվի Հայոց ցեղասպանությունը, այլ նաև դատապարտվի Թուրքիայի ժխտողական քաղա քականությունը, որովհետև, մեր կարծիքով, գիտակցված ժխտողականությունը նույնքան վտանգավոր է, որքան Ցեղասպանությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը հավելեց, որ այս առումով ողջունելի է Ֆրանսիայի նախագահի և քաղաքական ուժերի նախաձեռնությունը՝ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: «Եվ 100-րդ տարելիցն ավարտվել է, բայց մենք պետք է շարունակենք երկու ուղղությամբ ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ժխտողականության դեմ պայքարում ամենօրյա աշխատանք իրականացնել»,- եզրափակեց Շարմազանովը: