Սիրիահայ հոգևոր առաջնորդները Անթիլիասում քննարկել են համայնքի վերականգնման ծրագրերը
ՄիջազգայինՈրպես Անթիլիասի Մայրավանքում Սիրիայի հայության վերականգնման գծով հունվարի 28-ին տեղի ունեցած խորհրդակցության շարունակություն հւոնվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի է ունեցել հոգեւոր առաջնորդների հանդիպումը` մասնակցությամբ Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանի, Հալեպի Թեմի Հայ Կաթողիկէ Առաջնորդ Գերապայծառ Պետրոս Արք. Մրեաթեանի եւ Սիրիայի Հայ Ավետարանական Եկեղեցու Համայնքապետ Վերպ. Հարություն Սելիմյանի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամուլի դիվանից, Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով տեղեկացրել է հոգեւոր առաջնորդներին օր առաջ տեղի ունեցած խորհրդակցական հանդիպման քննարկումների մասին։ Նա ողջունել է սիրիական տագնապի տարիներին սիրիահայության ցուցաբերած միասնական ոգին եւ միասին խորհրդակցելու ու աշխատելու հանձնառությունը։ Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքն է հայտնել սիրիահայությանն իրենց նյութական աջակցությունը կատարած բոլոր կազմակերպութիւններին ու հայորդիներին։ Վեհափառ Հայրապետը շեշտել է սիրիահայության վերականգնման առաջնորդող նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը։
Հոգեւոր առաջնորդներն իրենց շնորհակալությունն են հայտնել Արամ Ա Կաթողիկոսին, որ անցած տարիների ընթացքում միշտ զորակից է եղել սիրիահայությանը, միաժամանակ շնորհակալություն հայտնել օժանդակություն ցուցաբերած բոլոր հայորդիներին։ Ապա, նրանք պարզել են վերականգնման աշխատանքների եւ ծրագրերի գծով իրենց տեսակետները։