Ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն փետրվարի 1- ից
ՀասարակությունՀանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով հիշեցրել է ՀՀ ԿԳՆ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
«Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1-ից: Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի` հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան»,-նշել է Զոհրապ Եգանյանը:
Հայաստանում շուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված` երեք անգամ արդեն նախադպրոցական, հանրակրթական հաստատություններում դասերը հետաձգվել են. սկզբում նախատեսվում էր, որ հունվարի 11-ի փոխարեն դրանք կբացվեն հունվարի 18-ին: ՀՀ առողջապահության նախարարի առաջարկով ուսումնական գործընթացը պետք է վերականգնվեր հունվարի 25-ին, սակայն որոշվեց, որ պարապմունքները կսկսվեն փետրվարի 1-ից: