Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական ծրագրերը և առկա խնդիրները կքննարկվեն նիստում
ՄշակույթՊետական կամերային երաժշտական թատրոնի 2016 թվականի ստեղծագործական ծրագրերը և առկա խնդիրները կքննարկվեն հունվարի 29-ին կայանալիք նիստում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` անդրադառնալով թատրոնում տիրող իրավիճակին:
«Երևանի «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հասցեագրած բաց նամակն ուղարկվել է ՊՈԱԿ-ի տնօրինությանը՝ պարզաբանումների համար։ Սակայն, հարկ ենք համարում նշել, որ դեռևս 10 օր առաջ Երևանի «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի տարեկան հաշվետվության արդյունքներով` գեղարվեստական խորհուրդ ստեղծելու և հունվարի 29-ին խորհրդի նիստ հրավիրելու որոշում է կայացվել։ Գեղարվեստական խորհրդի նիստի ընթացքում քննարկվելու և պարզաբանվելու են թատրոնի 2016 թվականի ստեղծագործական ծրագրերը և առկա խնդիրները»,-նշված է մեր հարցմանն ուղղված պարզաբանման մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին բաց նամակ է գրել և խնդրել ժամանակավորապես դադարեցնել Կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարել կառուցվածքային փոփոխություններ: Հրապարակումներում նշվում էր, որ թատրոնում առկա են տարաբնույթ խնդիրներ: