Նոր տուգանք է սահմանվել. չափը՝ 200.000 դրամ
Ուշադրության կենտրոնումՄեքենաներից ծխախոտի մնացորդները փողոց նետելու ու չսահմանված վայրերում աղբ թափելու համար 200 հազար դրամ տուգանք կսահմանվի: Վարչական պատիժը խստացնելու նախագիծն արդեն մշակվել և ուղարկվել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն:
Քաղաքապետին զեկուցել են այսօր առավոտյան կայացած գործակարգավարական նիստի ժամանակ: Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ փոփոխությունը կարող է նպաստել խնդրի լուծմանը: Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կոմունալ բաժիններին քաղաքապետը հանձնարարել է ավելի ուշադիր լինել մայրաքաղաքում մաքրություն պահպանման հարցին՝ հատկապես շինհրապարակների տարածքներում:
«Կարծում եմ՝ այն գործիքները, որոնք կներդնենք, օրինակ՝ աղբը թափելու համար 200 հազար տուգանքը, զսպող դեր կունենան, որ կարողանանք պատշաճ տեսքի բերել Երևանը»,-նշեց Հրաչյա Սարգսյան։ Ավելի վաղ քաղաքապետը տեղեկացրել էր՝ իր նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն: