Արցախում դաբաղ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դաբաղ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ)` հավելելով, որ ԼՂՀ շրջաններում գործում են գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ՊՈԱԿ-ներ, որենք չեն արձանագրել դաբաղի դեպքեր:
Այն հարցին, թե որքանով են վերահսկվում ՀՀ-ից ներկրվող մսամթերքն ու կաթնամթերքը, քանի որ Հայաստանում պաշտոնապես արդեն հաստատվել է դաբաղ հիվանդությունը, ՍԱՊԾ-ից տեղեկացրել են, որ անկախ արտադրման վայրից՝ ծառայության կողմից վերասկվում են կենդանածին ապրանքներին ուղեկցվող փաստաթղթերը:
Տարեսկզբին ՀՀ-ում արձանագրվել է դաբաղ հիվանդությունը: Իսկ հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակվել է Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստան:
Դաբաղը տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, և այլ երկսմբակավոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։ Նկատվում է տենդ, գլխացավ, ընդհանուր թուլություն և ստամոքսաղիքային ուղիների խանգարումներ։