Թուրքական նավահանգստում այրվել է ռուսաստանցուն պատկանող 5,7 մլն դոլար արժողությամբ նավը
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի Ֆեթհիե նավահանգստում այրվել է ռուսաստանցի գործարարին պատկանող 5,7 մլն դոլար արժողությամբ սուպերնավը:
27 մետր երկարություն ունեցող Queen Anna նավում հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի ցերեկը՝ ուժեղ անձրեւի ժամանակ: Ականատեսների աչքի առջեւ կրակը տարածվել է ողջ նավով: Կրակը հարակից նավերի վրա տարածվելու վտանգի պատճառով այրվող նավը տեղափոխվել է անվտանգ վայր:
Հրդեհի հետեւանքով տուժել է նավի հրամանատար Վլադիմիր Լոպատան եւ տեղափոխվել հիվանդանոց: Հրդեհի պատճառները պարզվում են, հաղորդում է The Daily Mail-ը:
Princess 95 դասի Queen Anna նավը, որը գնահատվում է 4 մլն ֆունտ (5,7 մլն դոլար) կառուցվել է 2009 թվականին եւ կարող է տեղավորել 8 VIP ուղեւորների:
Նավի սեփականատիրոջ մասին հայտնի է միայն, որ նա ՌԴ քաղաքացի է, հաղորդում է Lenta-ն: