Լուվրում երիտասարդը տորթով հարձակվել է «Մոնա Լիզա» կտավի վրա (տեսանյութ)
ՄշակույթԵրիտասարդ բնապահպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի` Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի վրա: Դեպքը տեղի է ունեցել կիրակի։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BFM հեռուստաալիքը։
Twitter-ում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ երիտասարդը տորթի կտոր է նետել և քսել այն զրահապատ ապակու վրա, որը պաշտպանում է աշխարհի ամենահայտնի գործերից մեկը։ Նա կարողացել է հնարավորինս մոտենալ կտավին՝ ծպտվելով որպես հաշմանդամ կին ու հնարավորություն ստանալով անցնել կտավի դիմաց հատուկ անցումով՝ նախատեսված սայլակով տեղաշարժվողների համար:
Լուվրը դեռևս որևէ հայտարարություն չի արել միջադեպի վերաբերյալ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուվրի աշխատակիցները մաքրել են զրահապատ ապակին, կտավը չի վնասվել։